38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Սերժ Սարգսյանին կհավատամ անվերապահորեն, եթե նրա շրջապատից մի քանիսը ձերբակալվեն»

«Սերժ Սարգսյանին կհավատամ անվերապահորեն, եթե նրա շրջապատից մի քանիսը ձերբակալվեն»
25.07.2008 | 00:00

«ԵԹԵ ՁԵՐԲԱԿԱԼԵՆ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, ՀԱՄՈԶՎԱԾ ԿԼԻՆԵՄ, ՈՐ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔՈՒՄ»
…և ոչ միայն մշակույթի մասին

Մեր ավանդական խորագրի հյուրն է Հայաստանի ժողովրդական արտիստ, մուլտիպլիկացիայի վարպետ, հրապարակախոս ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑԸ։
«ԵԹԵ ՆՐԱՆՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԵՆ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԱԽԱՐՈՎԸ ԳԵՐԵԶՄԱՆՈՒՄ ԿՇՐՋՎԻ»
-Այսօր Հայաստանում քաղբանտարկյալների նոր սերունդ է` միանգամայն նոր ձևաչափում...
-ՈՒթ տարի առաջ օրեր շարունակ ես ցանկանում էի, որ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքը վերապրի այն, ինչը մենք վերապրեցինք, երբ նա իր պաշտոնամոլուցքով տարված` փորձում էր իշխանություններին մեղադրել որպես հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներ: Ձերբակալեց փեսայիս և նրա վրա գնդակահարության հոդված էր դնում։ Այսպիսով՝ քաղբանտարկյալ համարել մեկին, որի ձեռնասուն ենթակաները հաճախ աքցաններով էին ցուցմունք կորզում, աբսուրդ է։ Եթե նմանները քաղբանտարկյալներ են, ապա ակադեմիկոս Սախարովը գերեզմանում կշրջվի։ Առհասարակ, ողջ ընդդիմադիր-լևոնական դաշտում առանձնացնում եմ Արամ Մանուկյանին։ ՈՒ եթե նրան հանկարծ ձերբակալեն, գրեթե համոզված կլինեմ, որ գործ են սարքում, քանզի նա ի սկզբանե համոզմունքի և գաղափարի մարդ է և բնավ ոչ կարիերիստ։ Նա այն գործիչներից չէ, ում համար կուսակցությունն ընդամենը օբյեկտ է, բիզնես-նախագիծ։
«ԿԵՂՏՈՏ ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ԱԴԱԹԸ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇԻ Է ՎԵՐԱԾՎԵԼ»
-Տեր-Պետրոսյանի հիմնավորումներին ի պատասխան Քոչարյանն ապշեցուցիչ մի բան ասաց. «Ես Տեր-Պետրոսյանին պիտի դատեի դեռ 98-ին»...
-Նրանք առհասարակ կորցրել են իրականության զգացողությունը։ Չեմ թաքցնում, շարունակում եմ գնահատել Քոչարյանին։ Նրա՝ Ստրասբուրգում արտասանած ճառը համաշխարհային պատմության մեջ պետք է ամփոփել։ Սակայն ի՞նչ է նշանակում` պարտավոր էի դատի տալ։ ՈՒրեմն՝ ինչո՞ւ իմ հաշվին նրան ազատություն շնորհեցիր։ Շարունակում եմ պնդել, որ այն, ինչ կատարվեց մինչև 98-ը, ոճրագործություն էր առհասարակ քաղաքակրթության, մարդկության հանդեպ։
-Քոչարյանի կառավարման տարիները Հաագայի դատարանում հայտնվելու հիմքեր պարունակո՞ւմ են ։
-Այդ տասը տարիները երկրի ծաղկման տարիներն էին՝ բոլոր թերությունները հաշվի առնելով։
-Ինչպե՞ս հասկանալ։
-Թերությունները կապված էին ազգային մտածողության հետ։ Ինչպես ամենայն անկեղծությամբ համոզված էին մեր հաղթող գեներալները, թալանը նրանց օրինական հասանելիքն էր. սա, անկասկած, ասիացուն հատուկ բան է։ Իսկ նախագահն իր հերթին աչք էր փակում նույն այդ թալանի ու կոռուպցիայի վրա, քանզի... երկիրը կառուցվում էր։ Եվ սա ողջ հասարակության մտածողության արգասիքն է, նա պետք է ուղղակի բարձրացնի իր կուլտուրական մակարդակը։
-Այնուամենայնիվ, Տեր-Պետրոսյանի հետևից զանգվածները գնացին... և պատրաստ են դարձյալ երթերի ելնել։
-Շատ եմ մտածել այդ մասին ու չեմ կարողացել պատասխան գտնել։ Ժայթքեց կուտակված բողոքը, և եռացող կաթսայի կափարիչը Լևոնը բարձրացրեց։ Իսկ եթե Իլհամ Ալիևը հարթակ բարձրանա և թվարկի բոլոր թերություններն ու արատները, գնա՞նք նրա հետևից ընդդեմ Սերժ Սարգսյանի։ Գնայիք Վ. Մանուկյանի հետևից։ Ի՞նչ է, տասնամյա լռության տարիներին Տեր-Պետրոսյանի առանձնատունը լիքն էր աղետի գոտու որբ մանուկներո՞վ։ ՈՒ նա չդիմացավ և որոշեց կանգնել իր հայրենիքի համա՞ր։ Դուք, ի՞նչ է, իսկապե՞ս հավատում եք նման տխմարության։ Եթե հիմնավոր սոցիոլոգիական հետազոտություն իրականացնենք, վախենամ, որ մեզանով լրջորեն հետաքրքրվի համաշխարհային հասարակությունը, քանզի լուրջ վտանգի աղբյուր ենք։ Հիշենք այն դեպքը, երբ ոմն տականք Սոչիի գեղեցկուհու երեսն այրեց թթվուտով, քանի որ աղջիկը չէր ցանկացել նրա հետ պառկել։ Եվ շատերը Հայաստանում արդարացնում էին տականքին. «Դե, տղեն էդքան փող ծախսեց դրա վրա»։ Այս դեպքում ինչո՞ւ ենք մեղադրում Ռամիլ Սաֆարովին։ Իսկ երբ որևէ արվամոլի են սպանում, նույն մարդիկ արդարացնում են մարդասպանին՝ ասելով. «Դե, դրան էդ էլ հասնում էր»։ Սա մտածողություն է, սրանից չես փախչի։ Սակայն ինձ ուղղակի ցնցեց ֆիդայապետերից մեկի ճառը, երբ դատապարտում էին Սամվել Բաբայանին, երբ ասվեց, որ վերջինս միլիոնատեր է. «Հալալ ա, ախպեր, ինքը պատերազմ ա կրել»։ Ազատամարտիկներից տասից ինը, ամենայն անկեղծությամբ, ոմն հրամանատարի ռազմական հաջողությունները չափում է ազատագրված տարածքներից ներկրած սառնարանների և խոշոր եղջերավորների քանակով. «Բա ի՞նչ էիք ուզում, մարդը հող ա ազատագրել»։ Սա մահմեդական կեղտոտ ադաթի արտահայտությունն է, որը մեզ մոտ ազգային հատկանիշի է վերածվել, դարձել արժեքային համակարգ։
«ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՍԱՀՄԱՆ ՔԱՇԵԼ «ԱԿՈՒՆՔԻ» ՈՒ «ՊԱՏՐՈՆՏԱՇԻ» ՄԻՋԵՎ»
-Ազգային արժեհամակարգը կարծես թե ոտն ի գլուխ խաթարված է։
-Մի սարսափազդու, «ժողովրդական» հաղորդաշար կա հայկական հարսանիքի մասին։ Հարցնում եմ՝ Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը նմա՞ն ձևով են հարսանյաց հանդեսը նշել կամ Վիկտոր Համբարձումյանն ու Ալիխանյան եղբայրներն իրենց ծննդյան հանդեսին «Պատրոնտա՞շն» են պատվիրել, ատրճանակով առաստա՞ղը նախշել։ Սա՞ է ազգայինը։ Եթե այո, ուրեմն՝ հակազգային է մեր ողջ մտավորականությունը, Ալիխանյանները, Համբարձումյանը, Գոհար Գասպարյանն ու Տիգրան Լևոնյանը։ Ազգայինը բարոյականությունն է, ոչ ձևը։ 19-րդ դարի ազգային տարազը ոչինչ ընդհանուր չունի 5-րդ դարի տարազի հետ, սակայն և՛ 5-րդ, և՛ 19-րդ դարերում տարազի կրողներն արժեքային որոշակի համակարգով են առաջնորդվել՝ հարգանք տված խոսքի, կնոջ, հարևանի սեփականության հանդեպ... Երբ ես Արշակյան քույրերին եմ լսում կամ «Ակունք» համույթին, զարմանալի հոգեվիճակում եմ հայտնվում, ես ինձ հաղթող եմ զգում։ Իսկ ինչպե՞ս սահման քաշել «Ակունքի» ու «Պատրոնտաշի» միջև։ Դրանով ժամանակին փայլուն ձևով են զբաղվել խորհրդային գաղափարախոսները...
Մեր պատմության և իրականության մեջ շատ են գորշ բծերը, հատկապես առաջատար կուսակցությունների վերաբերմունքում՝ հանդեպ Թուրքիան։ Այստեղ շատ կետերում կհամաձայնեի Տեր-Պետրոսյանի հետ։
«ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ ԱՄԱՉՈՒՄ ԷՐ ԻՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԾԱԳՄԱՆ ՀԱՄԱՐ»
-Ե՛վ Տեր-Պետրոսյանը (ժամանակին), և՛ Քոչարյանը օգտվեցին հասարակությունից, առհասարակ ժողովրդից։ Ինչո՞ւ...
-Քոչարյանի հարցում սկզբունքորեն դեմ եմ։ Նա չէր քամահրում իր ժողովրդին, նա քաշվում էր, ամաչում, կոմպլեքսավորվում։ Նա ամերիկյան համալսարաններ չավարտեց, որոնք նախագահներ են պատրաստում և պետքարտուղարներ։ Ինձ թվում է, որ նա թաքցնում էր իր ինչ-ինչ թերությունները։ Նա ինքն իրեն մեծագույն հաշիվներ էր ներկայացնում։ Սակայն վերջնարդյունքը նույնական էր։ Նա խուսափում էր շփումներից և մեկուսանում։
-Պատճա՞ռը։
-Այս մասին առաջին անգամ եմ խոսում։ Կազմել եմ իմ տոհմածառը տասը պատկերագրքում, ուսումնասիրել մանրամասները, և վստահ եմ, որ իմ տոհմի բնօրրան Դալիբաբա գյուղից, Բասենի գավառից ոտքով կարող եմ Երևան հասնել ու մի անգամ ինձ «բռնեցի» մի մտքի վրա. խոսելիս ասում եմ՝ 1897-ին մեր տանը եղել է Գևորգ Չաուշը։ Եվ, այսուհանդերձ, ռուսական կրթությունս ինձ թույլ չէր տալիս ազատ շփվել ազգականներիս հետ. նրանք համարում էին, որ ես իրենց վերաբերվում եմ մեծամտորեն։ Բայց չէ՞ որ տոհմածառը ես վերականգնեցի։ Իսկ Լևոնը՝ կրթված ու բանիմաց, զարհուրելիորեն մեծամիտ է, մենտոր։ Երբ Քոչարյանն էր երկիրը կառավարում, ես հանգիստ էի, գիտեի, որ նա ինձանից լավ է հասկանում շատ կարևորագույն խնդիրներ։ Զարմանալի է, փառապանծ զորահրամանատարների և գիտնականների բնօրրանից սերված մարդը ինչ-որ տեղ ամաչում էր իր ղարաբաղյան ծագման համար։ Սա շատ դրականորեն է խոսում Քոչարյանի մասին որպես մարդու։
-Սերժ Սարգսյանը ծնվել է Հայաստանում, հասակ առել Արցախում, համալսարանական կրթությունը ստացել Երևանում։ Այսինքն՝ երևանյան քաղաքակրթական և մշակութային դպրոցով է անցել։ Նա՞ ինչպես է ձևակերտվել Ձեզ համար։
-Ես բարձր եմ գնահատում Խաչատուր Սուքիասյանին, ծանոթ եմ նրան և գիտեմ որպես խելացի ու հեռանկարային գործարարի։ Նրան հանցանքի մեջ ես չեմ բռնել ու չեմ կարող պնդել՝ նա հանցագործ է, թե ոչ։ Նույնն է Սերժ Սարգսյանի պարագայում։ Նրա հովանավորության մասին, բանակի ու շախմատի վերականգնման մասին դրական շատ բան եմ լսել։ Սա հույս է ներշնչում։ Սակայն երբ լսում եմ ընտանեկան բիզնեսի մասին, մտահոգվում եմ։ Կարծում եմ, որ նա հեռու կգնա։ Եվ կգնա՝ հենվելով Քոչարյանի բազայի վրա։ Ինչևէ, որքան էլ զարմանալի է, լևոնականներն են այսօր դրդում բարեփոխումների, հանգիստ շունչ քաշելու ժամանակ չտալով։ ՈՒրեմն՝ սպասելի են դրական տեղաշարժեր։ Սակայն Սերժ Սարգսյանին կհավատամ անվերապահորեն, երբ նրա մերձավոր շրջապատից մի քանիսը ձերբակալվեն։
-Մեր ավանդական վերջնահարցը. այսօր ինչո՞վ եք զբաղված։
-Շատ բաներով։ Մասնավորապես՝ ֆիլմ եմ սկսել... 2050-ի մասին, երբ մենք ունենք ընդհանուր սահման Հունաստանի հետ, երբ Կարինի մանուկները, իմ ու ձեր հետնորդները ճամփորդում են Հայաստանով՝ Տիգրանակերտից Բաղեշ, և ամենուր ես պատմում եմ, որ Տիգրան 2-րդը Հռոմին չհանձնեց Պոնտոսի արքա Միհրդատին, քանզի նա իր հյուրն էր, և երեխան պետք է գիտակցի, որ այդ արարքը վեհապանծ է, Արտաշեսի մասին՝ ռուս երևելի պատմաբան Գլինկայի տեսանկյունից, ով ասում էր, որ Արտաշեսը ազատագրեց հռոմեացիների գրաված տարածքները, ֆիդայիների մասին և այլն։ Այս ֆիլմաշարում ես պատմում եմ Վանի, Աղթամարի, ՈՒրարտուի, Նախիջևանի մասին, մեր խաչքարերի մասին։ Միաժամանակ, Մոսկվայի համար պատրաստում ենք ուսումնական ֆիլմեր ռուսերենով, ուր, խոսելով Բաբելոնի մասին, ես պատմում եմ, թե որ երկրից (Արտաշատից) էին նրանք բերում փայտանյութը, քարն ու վարպետներին, Բաբելոնի՝ դիցաբանության մասին՝ կապված հյուսիսային հարևանի հետ։ Նեֆերտիտիի մասին, որն արևի Աստծո միասնական պաշտամունքը բերեց հյուսիսից, Քրիստոսից հազար տարի առաջ և այլն։ Ես այս ֆիլմերում իրականացնում եմ գաղափարական «կազմաքանդող» աշխատանք. ռուս մանուկները պետք է տեղյակ լինեն, որ Բաբելոնի ծաղկման ժամանակ բարձրագույն քաղաքակրթությունը Հայաստանում էր։
Հարցազրույցը՝ Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 5813

Մեկնաբանություններ